ծպտյալ խաչբառների հուշումները բաղկացած են երկու մասից՝ «ուղիղ» և ծպտյալ։ հուշման վերջում (փակագծերում) գրվում է տառերի քանակը։ եթե փակագծում երկու թիվ է գրված՝ պատասխանը երկու բառից կազմված արտայատություն է, իսկ թվերը համապատասխանաբար ցույց են տալիս առաջին և երկրորդ բառի տառաքանակը։
բացատրության ուղիղ մասը նման է սովորական խաչբառների սահմանումներին և միշտ բացատրության ամենասկզբում կամ ամենավերջում է։
ծպտյալ մասն առաջին հայացքից կարող է անիմաստ նախադասություն թվալ, սակայն այդ մասի հուշումներով կարող ես ստանալ բառը՝ նույնիսկ երբ անծանոթ է։
նայենք հետևյալ օրինակով.
արտասվիր Բարոն Կոենի հայտնի կերպարի կողքին, թզուկների մեծ քաղաքն առանց դարպասի հետազոտական տարածք է (11)
սկզբում փորձիր գտնել ուղիղ սահմանումը։ այս դեպքում սահմանումը «հետազոտական տարածք է»-ն է։ երբեմն ուղիղ հատվածը գտնելը դժվար կլինի, և ստիպված կլինես փորձել թե՛ սկզբի բառով/բառախմբով, թե՛ վերջի։
հանելով ուղիղ սահմանումը՝ մնում է հետևյալ ծպտյալ մասը.
արտասվիր Բարոն Կոենի հայտնի կերպարի կողքին, թզուկների մեծ քաղաքն առանց դարպասի։
ծպտյալ մասը վերծանելիս կարևոր է մտածել բոլոր հնարավոր ուղղություններով։
ծպտյալ հուշումները սովորաբար ունեն «ցուցիչներ»՝ բառեր, որ հուշում են, թե ինչ պետք է անել ծպտյալ հատվածի հետ։ այս օրինակում ցուցիչն «առանց դարպասի» արտահայտությունն է, որ հուշում է բառի առաջին տառը ջնջելու մասին։
ծպտյալ մասը կարող ես սկսել վերծանել առաջին բառից։ արտասվիր-ն այս դեպքում լա-ն է, Բարոն Կոենի կերպարը՝ Բորատը, թզուկների քաղաքը՝ Մորիա (հիշենք նաև, որ պետք է ջնջենք առաջին տառը)։ ստացվեց լա + բորատ + որիա։
ներքեւում կարող ես տեսնել բառերի ամենատարածված փոփոխություններն ու դրանց ցուցիչներից մի քանիսը։
շրջագրում - բառախաղ է, որտեղ հուշումի մի հատվածի տառերը վերադասավորվում են՝ պատասխանը ստանալու համար
շրջագրման ցուցիչների օրինակներից՝ խառնված, շփոթված, բարդ, խենթորեն, այլայլված, դժվար, ևն։
օր.՝ աղցան, ու, շուրջը՝ խառը գարի (5) հուշման մեջ խառը բառը հուշում է, որ պատասխանը ստանալու համար պետք է շրջագրել գարի բառը (պատասխան՝ գուրիա)։
նույնաձայն բառեր - պատասխանը հնչում է հուշման միջի բառերից մեկի նման
ցուցիչներ. հնչում է ինչպես…, բարձրաձայն, լսելի, ևն
թաքնված բառեր - պատասխանը թաքնված է հուշման բառերի մեջ
ցուցիչներ. թաքնված, …-ի մեջ, մասամբ, պարունակում է, թաքցնում է, …-ի կտոր/ներ, ներքուստ, ևն։
օր.՝ հրասայլ՝ տան կամ ֆուտբոլի խաղի մեջ (4-7) հուշման մեջ բառը հուշում է, որ պատասխանը տաքնված է տան կամ ֆուտբոլի խաղի հատվածում (պատասխան՝ տանկ-ամֆիբիա)։
ջնջումներ - պատասխանը ստանալու համար պետք է «ջնջել» հուշման բառերի որոշ տառեր։
ցուցիչներ. անպոչ, անգլուխ, էտած, կտրած, անվերջ, անսկիզբ, բացակայող, առանց առաջնորդ, ևն։
օր.՝ կտրած պոչով լուսանը կավիճով կառավարում է ճանապարհային երթևեկությունը (7) հուշման մեջ կտրած պոչով արտահայտությունը հուշում է, որ լուսան բառի վերջը պետք է կտրել (պատասխան՝ լուսակիր)։
կարող ես նաև դիտել այս տեսանյութը